Արցախի Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, ԱՀ նախագահ կընտրի սեպտեմբերի 8-ին, բայց ամսաթիվը դեռևս հստակեցված չէ, Armenia Today-ին հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։ Նա նշել է, որ Արցախի խորհրդարանը Սահմանադրությամբ պետք է 10-օրյա ժամկետում ընտրի երկրի նախագահին։
«Ըստ սահմանադրական բարեփոխումների ընդունված նոր հայեցակարգի, որը կարգավորում է վերոնշյալ գործընթացը, ընտրությունը պետք է լինի նախագահի հրաժարականն ընդունելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 10 օրը։ Այսինքն, այդ տրամաբանությամբ, ընտրության հավանական ժամկետը կարող է լինել սեպտեմբերի 8-ը, բայց դեռ որևէ հաստատված բան չկա։ Աշխատանքային խորհրդակցություն տեղի չի եղել, որպեսզի ինչ-որ օրակարգ ձևավորվի։ Բացի այդ, նաև շուտ է։ Երևի առաջիկա օրերի ընթացքում արդեն պարզ կլինի հստակ օրը»,-ասաց Հակոբյանը։
Հակոբյանը հայտնեց, որ «Արդարություն» խմբակցությանը դեռևս չի կողմնորոշվել թեկնածուի հարցում․ «Դեռևս կայացրած որոշում չունենք»,-ընդգծեց Հակոբյանը։
Նա նշեց, որ այսօր իրենց կուսակցության գործադիր մարմնի նիստն է տեղի ունենալու, որտեղ թեմայի շուրջ քննարկումներ կլինեն։
Հակոբյանի տեղեկություններով՝ Արցախի կուսակցությունների և ԱԺ խմբակցությունների ղեկավարների միջև այս թեմայով քննարկումներ դեռ չեն եղել։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, «Ապառաժ» թերթի խմբագիր Արա Պուլուզյանն Armenia Today-ին հայտնեց, որ ՀՅԴ-ց դեռ չի որոշել իր թեկնածուին:
Նա տեղեկացրեց, որ խորհրդակցությունների փուլում են ու չեն ուզում շտապել թեկնածուի ընտրության հարցում, քանի որ մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ ունեն։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հրաժարական է տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։