Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի վերանբերյալ նամակներ է ուղարկել մի շարք երկրների խոսնակներին, հայտնում են Արցախի Ազգային ժողովից։
Դավիթ Իշխանյանը նամակում ներկայացրել է Արցախի ժողովրդի իրավունքներն ու տիրող հումանիտար ճգնաժամը, ընդգծել, որ Ադրբեջանի նպատակը հայ ժողովրդին սովի մատնելն ու ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:
«Արցախի ժողովուրդը երկար ժամանակ պայքարել է իր ազատության և ինքնորոշման համար՝ անհաղթահարելի թվացող ուժերի դեմ՝ Օսմանյան կայսրության ցեղասպան ռեժիմի սարսափից մինչև խորհրդային իշխանության ճնշումը։ Եվ այսօր, չնայած Ադրբեջանի դաժան ռեժիմից բխող մշտական սպառնալիքին, մենք կառուցել ենք ժողովրդավարական հասարակություն, որին շատերն են ձգտում»,- ասված է նամակում:
Ազգային ժողովի ղեկավարի կողմից նամակն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին: Նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին: