Լաչինի միջանցքի փակվելուց հետո Հայաստանում մնացած արցախցիները հայտարարել են, որ պատրաստվում են դիմադրության, պարզել է ֆրանսիական Le Point թերթը։ «Պետք չէ հայերեն իմանալ՝ զայրույթի և դիմադրության բուռն ցանկության նոտաները լսելու համար»,- գրել է զեկույցի հեղինակ Մարին դե Թիլին։
Լրագրողը երկչոտ է անվանել աշխարհի արձագանքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և նշել, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի քաղաքականության կոշտացումը կապված է «Ուկրաինայում ժողովրդավարությունը փրկելու» աշխարհի զբաղվածությամբ։
«Խեղդամահության ռազմավարությունը գնալով ավելի արդյունավետ է դառնում, իսկ աշխարհի լռությունը՝ ավելի մահացու»,- եզրափակել է նա:
Երևանում Արցախի ներկայացուցչությունում Դե Թիլլին զրուցել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում մնացած Ստեփանակերտի, Շուշիի և Հադրութի բնակիչների հետ։
«Մենք կվերադարձնենք Շուշին։ Մենք կբացենք միջանցքը և կազատենք մեր հողը։ Ստրկատիրական աշխարհը մեզ համար չէ։ Տվեք մեզ զենք, և մենք արժանապատվորեն կկռվենք»,- նրան ասել է Բերձորի համալսարանի նախկին պրոֆեսոր Զոհրաբը։
Արցախցի ուսանող Իգորն ասել է, որ հանրապետությունում իրավիճակը հիմա շատ ավելի բարդ է, քան 2022 թվականի դեկտեմբերին։
«Իմ ընտանիքն այնտեղ է՝ Արցախում։ Ինձ ամեն օր ասում են, որ ոչ դեղ է մնացել, ոչ միրգ, ոչ ուտելիք, ոչ նորածինների կաթ, ոչ ալյուր: Եղբայրներս հացի համար հերթ են կանգնում մինչև առավոտյան ժամը 4-ը, բայց միշտ չէ, որ ստանում են այն»,- Le Point-ին պատմել է մի ուսանող:
Լրագրողը հիշեցրել է նաև Ադրբեջանի կողմից մշտապես Արցախի և Հայաստանի սահմանների գնդակոծումը, մարդասիրական օգնության մուտքի արգելափակումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի մոտ գտնվող անցակետում քաղաքացիների գերեվարումը։
«Խոսքերն ասված են, հանցագործությունը ունի անվանում, բայց դա շարունակվում է։ Մոտ 120 հազար հայ գտնվում է մահվան վտանգի տակ, քանի որ բռնապետն է այդպես որոշել, և նրան չեն խանգարել։ Կարծես ի սկզբանե կանխորոշված էր, որ ղարաբաղցիները երբեք չեն եղել»,- գրել է Թիլլին։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Օգոստոսի 30-ին Ֆրանսիայից մարդասիրական օգնություններով ավտոշարասյունը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգլոյի ուղեկցությամբ ժամանել է Կոռնիձոր, սակայն Ադրբեջանը արգելել է նրան մուտք գործել Լաչինի միջանցքով։