Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան անվան մարդու իրավունքների հանձնաժողովում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումների ժամանակ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
Լսումներին մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի 120․000 տեղաբնիկ քրիստոնյա հայերի ցեղասպանության մեջ մեղսակցության համար։
«Նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են Ալիևից պահանջել անմիջապես և անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, եթե ոչ, ապա Ալիևին կարող են համարել ցեղասպանության համար պատասխանատու, ինչն, իհարկե, բազմաթիվ հետևանքներ կունենա։ Բանակցությունը ցեղասպանի և նրա զոհերի միջև է։ Դուք չեք կարող բանակցություններ հայցել Հիտլերի և Օսվենցիմում գտնվող մարդկանց միջև: Դա բանակցություն չէ։ Դուք պետք է դադարեցնեք օսվենցիմը, ապա քննարկեք բանակցությունները: Եվ կարծում եմ՝ այստեղ է գաղտնիքը։ Հաշվի առնելով, որ նախագահ Ալիևը ցեղասպանություն է իրականացնում և փորձում է ժխտել ցեղասպանությունը, ապա ցեղասպանությունը ժխտելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է մեղսակցություն համարվել»,- հայտարարել է Օկամպոն։
Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը շարունակել է քննադատել ամերիկյան պաշտոնյաներին՝ լսումներին չմասնակցելու համար։
Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև Կոլումբիայի համալսարանի Արցախի վայրագությունների ծրագրի տնօրեն և Ջորջթաունի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, որը նույնպես քննադատել է ԱՄՆ նախագահին, ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները և Ադրբեջանի ու դրա բարձրագույն ղեկավարության դեմ ամերիկյան կոնկրետ պատժամիջոցների կիրառման կոչ է արել։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։