Օգոստոսի 28-ին Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են, հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին»,-հայտնել է նա՝ տեղեկացնելով, որ տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։
Ստեփանյանը հայտնել է, որ նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։
«Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն»,-հավելել է ՄԻՊ-ը։
ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՄԻՊ-ը նշել էր, որ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Մյուս երկու երիտասարդները Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն են։ Բոլոր երեք երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են։
Հուլիսի 29-ին ադրբեջանցի զինվորականները առևանգել էին բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Արցախի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։