ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին լսումներ կանցկացնի՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը, հայտնում է Սենատի կայքը։
Լսումներին ելույթ կունենան ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմը և Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով խորհրդական Լու Բոնոն։
Սեպտեմբերի 7-ին Քիմը հեռախոսով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մեկ օր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկնել էր Լաչինի միջանցքի բացման իր կոչը։ Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսում լսումներ են տեղի ունեցել նաեւ Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Դրանցում ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նախագահ Ջո Բայդենին մեղադրել է 120 հազար էթնիկ հայերին ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ծրագրերին մեղսակցության մեջ։
Օգոստոսի 29-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունն անվանել է «վրդովիչ»։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, ինչի արդյունքում հանրապետության ժողովուրդը հայտնվել է սովի շեմին։ Օգոստոսի 15-ին Արցախում գրանցվել է խրոնիկական թերսնումից մահվան առաջին դեպքը։