Արցախի նախագահի թեկնածու է առաջադրվել Սամվել Շահրամանյանը, Սամվել Բաբայանի թեկնածության գրանցումը մերժվել է, հայտնում է Արցախի ԱԺ-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրելՍամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:
««Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով:
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական է տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Նա հայտնել էր նաև, որ, ամենայն հավանականությամբ, Արցախի ԱԺ-ն նախագահ կընտրի սեպտեմբերի 8-ին։