Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նախագահի ընտրություններին ընդառաջ ստափության կոչ է
արել արցախցիներին, հորդորել չտրվել ժողովրդին պառակտող սադրանքների, չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները:
«Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում: Ուզում եմ հատուկ ընդգծել և վստահեցնել ձեզ, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով»,- տեղեկացրել է նա:
Իշխանյանի խոսքով՝ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը և որևէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը:
«Մենք հանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկությունն է, կամքը, և մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ պատգամներով»,- նշել է ԱԺ նախագահը:
Ավելի վաղ ժողովրդին սթափեցնող կոչով էր հանդես
եկել երկրի ԱԱԾ-ն:
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Արցախի ԱԺ-ն հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին Արցախի ԱԺ-ն կընտրի նախագահ: