Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում ընթացող G20 պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի առաջին լիագումար նիստում ելույթի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման մասին, հայտնում է Diarioarmenia.org -ը:
«Այն ժամանակ, երբ Եվրոպայի արևելքում մոլեգնում է պատերազմ և բազմապատկվում են բռնի հակամարտությունները, որոնք հասարակության հատուկ ուշադրությունը չեն գրավում, նույնքան ցավոտ է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, որը հերթական անգամ պատժում է հայ ժողովրդին իր տարածքի մի մասում», – ասել է Ֆեռնանդեսը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, ինչի արդյունքում հանրապետության ժողովուրդը հայտնվել է սովի շեմին։ Օգոստոսի 15-ին Արցախում գրանցվել է խրոնիկական թերսնումից մահվան առաջին դեպքը։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
Այնուհետև ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գաբոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից մարդասիրական օգնության շարասյունը Երևանից մեկնել է Արցախ, սակայն Ադրբեջանը արգելել է Ֆրանսիայի կողմից ուղարկված մարդասիրական օգնության մուտքը Արցախ։
Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Ռուսական Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար է ուղարկել Աղդամի ճանապարհով։ Արցախի իշխանությունները, հայտարարել էր, որ ելնելով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ