Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան, իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա շեշտել է, որ հաշվի է առնվել ադրբեջանցիների` Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկի մերժումը, որն ուղեկցվել է պայմանների փոփոխությունների նոր պահանջներով։
«Ռուսական կողմի համար Արցախի մոտեցումը լիովին ընկալելի է, որովհետև Ադրբեջանը սկզբում ընդունել է ռուսական առաջարկը, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր պահանջներով, ինչով խախտվել է միջնորդության ողջ էությունը։ Ե´վ ՌԴ-ի, և´ ԵՄ-ի, և´ ԱՄՆ-ի համար, կարծում եմ, ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտմամբ ձախողում է գործընթացը, որպեսզի հիմք նախապատրաստի ուժային օպերացիաների համար: Որքան ես եմ տեղյակ, այս պահին էլ բանակցություններ են գնում Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու ուղղությամբ, ինչից էլ կախված է, թե հետագա իրադարձությունները ինչ հունով կզարգանան»,-ընդգծել է Աբրահամյանը։
Այսօր ավելի վաղ Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ, իր տեղեկություններով, ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական օգնությունը մինչ օրս չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից սահմանված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Նա նշել է, որ այդ պայմանները նախկինում համաձայնեցված չեն եղել:
Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ։
Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Ռուսական Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար է ուղարկել Աղդամի ճանապարհով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար․ նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը, գրել է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին։ Ավելի ուշ Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանի առաջարկը՝ Աղդամից Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու մասին։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» թերթի Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին հրապարկմանը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, ինչի արդյունքում հանրապետության ժողովուրդը հայտնվել է սովի շեմին։ Օգոստոսի 15-ին Արցախում գրանցվել է խրոնիկական թերսնումից մահվան առաջին դեպքը։