ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել միաժամանակ բացել Լաչինի միջանցքն ու Ակնայով անցնող երթուղին, ինչպես նաև ընդգծել է ուժի կիրառման անընդունելիությունը, տեղեկանում ենք ԱՄՆ Պետդեպի կայքից։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ։
«Մարդասիրական բեռները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտակայքում։ Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց, կանանց և երեխաներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը։ Առաջնորդներին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը մեծացնում է լարվածությունը։ Վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է»,-ասված է Բլինքենի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Հարավային Կովկասում վերջին շրջանում լարվածության աճի ֆոնին ԱՄՆ-ն արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու նպատակով շարունակելու է վճռականորեն աջակցել չլուծված հարցերն ուղիղ երկխոսության միջոցով լուծելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին:
«Մենք կրկին հայտարարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Մենք նաև խրախուսում ենք Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը»,-ասված է հայտարարության մեջ։
Որպես խաղաղության միակ ճանապարհ՝ Բլինքենը մատնանշել է երկխոսությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Նա շեշտել է, որ խաղաղության այդ ճանապարհը պետք է հիմնված լինի միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա։
Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ։
Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Ռուսական Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար է ուղարկել Աղդամի ճանապարհով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար․ նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը, գրել է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին։ Ավելի ուշ Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանի առաջարկը՝ Աղդամից Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու մասին։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» թերթի Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին հրապարկմանը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, ինչի արդյունքում հանրապետության ժողովուրդը հայտնվել է սովի շեմին։ Օգոստոսի 15-ին Արցախում գրանցվել է խրոնիկական թերսնումից մահվան առաջին դեպքը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։