Մինչև ռեուսների վերջին առաջարկը, Արցախից մի շարք պաշտոնյաներ կարծիք էին հնչեցնում, որ Աղդամի ճանապարհով առևտուր անելը, համատեղ ձեռնարկությունների աշխատելը (մասնավորապես՝ Կաշենի հանքի հետ կապված) հնարավոր չէ, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այս վերջին տարբերակը, որը ներկայացվել է և ռուսական կողմը քննարկման է դրել, եղած տարբերակներից ամենակոմպրոմիսայինն է եղել, ինչը ենթադրում էր ոչ թե ադրբեջանական Կարմիր մահիկի, ադրբեջանական հումանիտար բեռի, այլ ռուսական Կարմիր խաչի միջոցով մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք և դրա միջոցով Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում։
«Բաքուն փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի նաև Ադրբեջանական մահիկի մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք։ Սա, բնականաբար, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների համար, որը տեղեկացվել է ռուսական կողմին։ Հետևաբար, այս փուլում այդ գործընթացը կարելի է ձախողված համարել»,- ասաց Աբրահամյանը։
Նա չի բացառում, որ ձախողման պատճառը կարող է լինել գեոպոլիտիկ պայմանավորվածությունը։
«Չի բացառվում, որ այստեղ կա նաև որոշակի գեոպոլիտիկ ազդեցություն, քանի որ առաջարկը եղել է ռուսական, չի բացառվում, որ Թուրքիան կամ միջնորդավորված այլ ուժեր Թուրքիայի միջոցով փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում»,- նշեց պատգամավորը։
Երկրորդ վարկածով՝ ընդդիմադիրը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է տապալել այս գործընթացը, դրանով իսկ հիմքեր նախապատրաստել Արցախում և զուգահեռ նաև Հայաստանում ագրեսիա նախապատրաստելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։