Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Մարկ Ռուֆալոն «լուրջ խնդիր» է անվանել հայազգի ամերիկացի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչը՝ Արցախում Հայոց երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու խնդրանքով։
«Սա լուրջ խնդիր է, որը ԶԼՄ-ները չեն լուսաբանում», – գրել է Ռուֆալոն X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):
Քարդաշյանն ու բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը սեպտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահին կոչ էին արել դադարեցնել Հայոց ցեղասպանությունն Արցախում։ Rolling Stone-ում հրապարակված հոդվածում Քարդաշյանն ու Իսրայելյանն ընդգծել էին, որ իրենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են և չեն ցանկանում խոսել ապագայում մեկ այլ ցեղասպանության ճանաչման կամ հիշատակման մասին։ Նրանք հիշեցրել էին, որ անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը փակել է արցախահայությանն աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելել էր մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրել:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։