Ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռների շուրջ պայմանավորվածությունը չեղարկվել է հենց Ադրբեջանի կողմից, Armenia Today-ին հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական հումանիտար բեռների տեղափոխումը խաթարելու վերաբերյալ տեղեկությունները։
«Հասկանալի է, որ եթե ռուսական բեռները ռուսական ավտոմեքենաներով շարժվում էին դեպի Ակնա, պայմանավորվածություն կար, որ ռուսական բեռները նախնական զննությունից հետո հենց ռուս վարորդներով պետք է հասնեին Ստեփանակերտ։ Բայց այդ պայմանավորվածությունը չեղարկվեց հենց Ադրբեջանի կողմից։ Մենք հերթական անգամ ականատես եղանք Ադրբեջանի ստախոսությանը։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը որևէ պայմանավորվածություն չպահող երկիր է՝ լինի՛ ստորագրությամբ, թե՛ բանավոր կերպով։ Իրենք հույս ունեին, որ կարող են ինչ-որ ճնշում գործադրել և գործընթացն իրականացնել իրենց պայմաններով, բայց, իհարկե, Արցախն այդ հարցում անսասան է։ Առավել ևս հիմա ճնշմամբ ոչինչ չի կարող լինել, Արցախն ինքը պետք է իր որոշումը կայացնի, և ամեն ինչ պետք է լինի այդ որոշման համաձայն»,-ասաց պատգամավորը։
Հարցին, թե հատկապես ի՞նչ պայմանավորվածություն է խախտել ադրբեջանական կողմը, նա նշեց․ «Իրենք, ըստ երևույթին, որոշել էին, որ Ադրբեջանի «Կարմիր մահիկի» մեքենաները ևս պետք է անցնեն այդ ճանապարհով։ Սա, իհարկե, հաստատված ինֆորմացիա չէ, բայց, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը նման նպատակ ուներ, որը ոչ պաշտոնական խողովակներով էր տեղ հասցրել։ Այդ մասին, սակայն, մեր նախնական պայմանավորվածության մեջ չի եղել։ Թեպետ արցախյան կողմը միշտ հավատարիմ է եղել իր բոլոր պայմանավորվածություններին, բայց Ադրբեջանի կողմից դրանք խախտելու դեպքում գործընթան այլևս չէր կարող տեղի ունենալ»։
Հակոբյանից հետաքրքրվեցինք նաև, թե այս պահին Ակնա-Ասկերան ճանապարհին ի՞նչ իրավիճակ է, մասնավորապես՝ քաղաքացիները դեռ հավաքվա՞ծ են այնտեղ։ Հակոբյանը հայտնեց, որ տեղեկություններ չունի, թե այս պահին ինչ իրավիճակ է այդ առումով։
«Միայն կարող եմ ասել, որ Ասկերանից բավականին պատրաստված մարդիկ անընդհատ իրականացնում են այդ ճանապահի վերահսկողությունը»,-հավելեց նա։
Սեպտեմբերի 10-ին սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ արցախցիները հավաքվել են Ակնա-Ասկերան ճանապարհի մոտ՝ թույլ չտալու, որ Ադրբեջանի տարածքից հումանիտար բեռ մտնի Արցախ։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան։ Նույն օրն Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ, իր տեղեկություններով, ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական օգնությունը մինչ օրս չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից սահմանված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Նա նշել է, որ այդ պայմանները նախկինում համաձայնեցված չեն եղել:
Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները որոշել էին թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ։
Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Ռուսական Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար է ուղարկել Աղդամի ճանապարհով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար․ նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը, գրել է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին։ Ավելի ուշ Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանի առաջարկը՝ Աղդամից Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու մասին։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» թերթի Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին հրապարկմանը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, ինչի արդյունքում հանրապետության ժողովուրդը հայտնվել է սովի շեմին։ Օգոստոսի 15-ին Արցախում գրանցվել է խրոնիկական թերսնումից մահվան առաջին դեպքը։
Աննա Բադալյան