ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատանում է: Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկարար օգնությունը հասնի ԼՂ ժողովրդին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա՝ տարածելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:
Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ։
Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Ռուսական Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար է ուղարկել Աղդամի ճանապարհով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար․ նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը, գրել է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին։ Ավելի ուշ Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանի առաջարկը՝ Աղդամից Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու մասին։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» թերթի Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին հրապարկմանը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։