Լաչինի միջանցքի վերագործարկման ուղղությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա հայտնել է, որ բանակցութունները եռակողմ չեն։ Աբրահամյանի խոսքով՝ ռուսական կողմը աշխատում է և՛ արցախյան, և՛ ադրբեջանական կողմի հետ։
Աբրահամյանն անդրադարձել է նաև այն տեղեկություններին, թե այսօր Ասկերանով Արցախ մուտք գործած բեռնատարում միայն վերմակներ են եղել։
«Ռուսական բեռնատարում միայն վերմակներ չեն, կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, հիմնականում՝ առաջին անհրաժեշտության սնունդ»,- նշել է Աբրահամյանը։
Սեպտեմբերի 12-ին ՌԴ հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել Արցախ։
Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռների շուրջ պայմանավորվածությունը չեղարկվել է հենց Ադրբեջանի կողմից։ Նա հայտնել էր, որ Ադրբեջանը խախտել էր նախնական պայմանավորվածությունը։ Որոշ տեղեկություններով, ըստ Հակոբյանի, որոշել էին, որ Ադրբեջանի «Կարմիր մահիկի» մեքենաները ևս պետք է անցնեն այդ ճանապարհով, ինչին Արցախի իշխանությունները դեմ էին։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան։ Նույն օրն Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ ռուսական Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը մինչ օրս չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից սահմանված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Նա նշել էր, որ այդ պայմանները նախկինում համաձայնեցված չեն եղել:
Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները որոշել էին թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքն Արցախ։
Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ ռուսական Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար է ուղարկել Աղդամի ճանապարհով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար․ նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը, գրել էր «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին։ Ավելի ուշ Ադրբեջանը հաստատել էր Ռուսաստանի առաջարկը՝ Աղդամից Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու մասին։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն անդրադարձել էր ռուսական «Коммерсант» թերթի՝ Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին հրապարկմանը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, ինչի արդյունքում հանրապետության ժողովուրդը հայտնվել է սովի շեմին։ Օգոստոսի 15-ին Արցախում գրանցվել էր խրոնիկական թերսնումից մահվան առաջին դեպքը։
Մանրամասները՝ տեսանյութում։