Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Արցախից ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ է տեղափոխվել 13 բուժառու, հայտնել են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 5 բուժառուների, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ Հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 բուժառու, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։