Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Մասիս Մայիլյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Facebook-ում։
«Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը»,- գրել է Մայիլյանը։
2017 թվականից Մայիլյանը զբաղեցնում էր Արցախի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը, իսկ 2021 թվականի հունվարին նշանակվել է հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան։ 2020 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին։
Օգոստոսի 29-ին «Հրապարակ»-ը Մայիլյանին ներկայացրել է որպես Արցախի նախագահի պաշտոնում Հայաստանի իշխանությունների ցանկալի թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում։ Ըստ հրապարակման՝ Մայիլյանն արցախցիների շրջանում չունի այնպիսի բացասական համբավ, ինչպիսին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն է, ինչը նրան դարձնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հարմար թեկնածու։