Արցախի բնակիչները դժգոհություն են հայտնել իշխանության տված հացի որակից։ Օգտատերերից մեկը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ հացը գարիով է թխված։
«Ամեն ինչ զոհաբերել ենք, եկել ենք կյանքի ու մահվան կռիվ ենք տալիս, բայց երևի 41 թվականին նման բան չկար։ Երեխուն ո՞նց կարող ենք տալ այս հացը։ Ինչի՞ եք լռում, ժողովուրդ։ Սա չթխված հաց է, գարիով է թխված»,- նշել է նա։
Օգոստոսի 1-ին Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնել էր, որ Արցախում որոշակիորեն կկրճատվի հացի արտադրանքը։ Օգոստոսի 14-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը և որոշ այլ հիմնախնդիրներ՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն։
Օգոստոսի 26-ին շտաբը հայտնել էր, որ թեև տարբեր խնդիրներ կան հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, այնուամենայնիվ առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով։
Հիշեցնենք, որ Արցախում սեպտեմբերի 5-ից հացի վաճառքն իրականացվում է կտրոններով, մեկ անձի հաշվով վաճառվում է կես հաց (մոտավոր՝ 200 գրամ)։ Կտրոն ստանալու համար քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանում են կտրոնների տրամադրման կետեր, որոնք գործում են ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...