Սեպտեմբերի 14-ին Արցախից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էր Հայաստան բուժում ստանալու համար։
Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 երեխա, նրանցից 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Սեպտեմբերի 12-ին ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան էր տեղափոխել ևս 13 հիվանդի։ Սեպտեմբերի 11-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է 2 մլն եվրո հատկացնել Կարմիր խաչին՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեության համար։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելել էր մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրել: