Արցախից մեկնաբանում են Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցությունների ընթացքը, հայտարարում Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտման մասին։
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը և Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Armenia Today-ի հետ զրույցում պատմել են, թե ինչ ընթացքում են հումանիտար բեռների համար Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցությունները, որոնց նախորդել էր ՌԴ կառավարության հումանիտար բեռի փոխադրումը Ասկերան քաղաքով։
Հաշվի առնելով, որ ռուսական բեռի փոխադրումից հետո ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ համաձայն են ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը, մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացքում են բանակցությունները։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Լաչինի միջանցքը հումանիտար բեռների համար պետք է 12 ժամ հետո բացվեր, որը տեղի չունեցավ»,-հայտնել է Դավիթ Գալստյանը՝ հայտնելով, որ բանակցություններն, ամեն դեպքում, շարունակվում են։
Դավիթ Բաբայանը ևս հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են, բայց, նրա խոսքով, իրավիճակը բարդ է, դեռևս որևէ փոփոխություն չկա։
«Սպասենք։ Աշխատանքներ են տարվում։ Տեսնենք՝ ինչո՞վ է այդ ամենը հանգուցալուծվելու»,-ասաց Բաբայանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորմանն ենք ականատես լինում։
«Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Արցախի վրա, արդյունքում ունենք այն, ինչ ունենք»։
Խոսելով Արցախի դիրքորոշման մասին՝ Բաբայանը նշել է․ «Ինչպես տեսնում եք, Ակնայով ռուսական մարդասիրական բեռը եկել է, բայց Բերձորի միջանցքը չի բացվել։ Մեզ համար որևէ շնչերակ չի կարող փոխարինել Բերձորի միջանցքին, որն առանձին քաղաքական և իրավական կարգավիճակ ունի։ Իրավիճակը բարդ է և ամեն ինչ արվում է, որ հանգուցալուծում լինի։ Այս պահի դրությամբ տարբեր քննարկումներ են ընթանում, նաև Ռուսաստանն է այդ գործընթացում համապատասխան քայլեր իրականացնում։ Մենք տեսնում ենք նաև, որ միջազգհային հանրությունը ևս, կարծես թե, գոնե տեղեկատվական և քաղաքական դաշտում ինչ-որ ակտիվություն է ցուցաբերում։ Արդյունքների մասին կարղ ենք խոսել, եթե տեղում որևէ փոփոխություն լինի»։
Դավիթ Գալստյանն էլ հավելեց, որ թեպետ որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, բայց Ադրբեջանը դրանք կրկին խախտեց։
«Հումանիտար իրավիճակը մեղմելու համար Արցախի իշխանությունները ռուսական Կարմիր խաչի օգնությունն ընդունելու որոշում էին կայացրել, որին հաջորդելու էր Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխումը։ Սակայն տեսնում ենք, որ Լաչինի միջանքը չի բացվել։ Մենք կարող ենք փաստել, որ Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունները հերթական անգամ խախտվեցին։ Նրանք իրենց այս գործելաոճով փորձում են հասնել Արցախը հայաթափելու իրենց նպատակին»,-նշեց Գալստյանը։
«Արդարություն» խմբակցության ղեկավարը համակարծիք է ԱՀ նախագահի խորհրդականի հետ։ Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքն անհամեմատելի է այլ երթուղիների հետ։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է մեկ միջանցքի՝ Լաչինի միջանցքի մասին, որը մայր Հայաստանն Արցախի հետ է կապում։ Մենք չպետք է այլ երթուղիները հավասարեցնենք Լաչինի միջանցքին»,-հավելել է Գալստյանը՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է Ադրբեջանից պահանջեն բացել Լաչինի միջանցքը։
Սեպտեմբերի 12-ին ՌԴ կառավարության հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով։ Ադրբեջանը դրանից հետո հայտնել է, որ համաձայն է ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը, սակայն Լաչինի միջանցքը մինչ այս պահը շարունակում է փակ մնալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Աննա Բադալյան