ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմը հայտարարել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանին օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Նա նաև հայտարարել է, որ Բաքուն պետք է երաշխիքներ տա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության համար։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ Քիմը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի հետ հարաբերություններում Երևանի վերջին քայլերն ուղղված են նրան, որ Ռուսաստանը ավելի մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, թե՞ Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել Ռուսաստանից դեպի Արևմուտք․ դիվանագետի խոսքով՝ այս մասին դեռ վաղ է խոսել, բայց դա չի նշանակում, որ Վաշինգտոնը չպետք է փորձի իր համար ցանկալի իրավիճակ ապահովել։ «Դեռ վաղ է խոսել այս մասին. Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շտապենք, որպեսզի իրավիճակը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում, և դա իրական որոշում է աշխատել մեզ հետ, այլ ոչ թե Ռուսաստանի», – ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք մտահոգություններ կան, որ Ռուսաստանը կարող է ավելի բուռն արձագանքել, եթե տեսնի, որ Հայաստանը շարունակում է շարժվել դեպի Արևմուտք, Քիմն ասաց. «Այո, մենք շատ ուշադիր հետևում ենք դրան»: Նա ընդգծել է Հայաստանին օժանդակության ավելացման անհրաժեշտությունը։
«Մենք պետք է մեծացնենք Հայաստանին տրամադրվող աջակցության չափը, լինի դա զարգացման աջակցություն, լինի դա պաշտպանական գործընկերություն, լինի դա անվտանգության գործունեությունը, և ընդլայնենք այն որքան կարող ենք այնքան, որ ընդունելի լինի հենց հայերի համար: Սա չի կարող լինել միակողմանի քայլեր, մենք դա կանենք Հայաստանի հետ իսկական գործընկերության շրջանակներում և կհամոզվենք, որ նրանց կտրամադրենք անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի կատարեն այն շրջադարձը, որը ցանկանում են անել»,- ասել է Քիմը: Դիվանագետը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանը կատարում է Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։
Նա նաև հայտարարեց, որ Միացյալ Նահանգները հնարավորություն և կարիք ունի ռազմավարական հարաբերություններ զարգացնելու և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Նա ասաց, որ վարչակազմը շարունակում է հավատալ, որ Հարավային Կովկասում խաղաղությունը տարածաշրջանը փոխակերպելու և ԱՄՆ շահերն առաջ տանելու ներուժ ունի: «Այժմ մենք ռազմավարական հնարավորություն ունենք պայքարելու տարածաշրջանում այնպիսի խաղացողների վնասակար ազդեցության դեմ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը՝ հասնելով կայուն խաղաղության, որը կընդլայնի մեր երկկողմ տնտեսական և անվտանգության համագործակցությունը և կապահովի ավելի մեծ էներգետիկ անվտանգություն եվրոպացի գործընկերներին և դաշնակիցներին»,- ասել է Քիմը։
Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտարարել, որ Վաշինգտոնի համար անընդունելի են ռազմական գործողությունները տարածաշրջանի բնակչության դեմ։
«Մենք հասկացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն։ Սա ցանկացած կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է: Ադրբեջանը պետք է միջազգայնորեն ստուգելի երաշխիքներ տրամադրի՝ հարգելու նրանց իրավունքները և իրենց տներում մնալու և առանց վախի ապրելու կարողությունը: Միացյալ Նահանգները չի ներում շնորհում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ իրականացնելու համար կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է դիվանագետը։
Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը «չի հանդուրժի» ռազմական գործողությունները տարածաշրջանում։ «Մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն, չենք հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»,- ասել է Քիմը։
Դիվանագետն ասել է, որ տարածաշրջանում ներկայիս հումանիտար իրավիճակն անընդունելի է, և «հումանիտար մուտքը դեպի Լաչինի միջանցք և այլ ուղիներ պետք է բացվի հիմա»։ Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները պնդում են Լաչինի միջանցքի, ինչպես նաև մարդասիրական առևտրային և մասնավոր տրանսպորտի այլ ուղիների անհապաղ և միաժամանակ բացումը, որպեսզի ապահովվի շտապ անհրաժեշտ մարդասիրական պարագաների մատակարարումը։