Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեկնաբանել է ԱՄՆ Սենատում Արցախի հարցով քննարկումը՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին մեղադրելով Արցախը շրջափակելու ակնհայտ դրդապատճառների մասին հարցին պատասխանելուց։
«Հատկապես բուռն քննարկումներ են տեղի ունեցել ընթացիկ հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, նրանց պատասխանատվության ենթարկելու, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջների վերականգնման և առհասարակ ԱՄՆ գործուն միջամտության անհրաժեշտության վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում։
Լսումների առնչությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի նախագահ Արամ Համբարյանը նկատել է․ «Արցախի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների առանցքային պահը՝ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի պետական գաղտնիքի ռեժիմի տակ թաքնվելն է՝ խուսանավելու Արցախը շրջափակելու ակնհայտ դրդապատճառների մասին հարցին պատասխանելուց»։
Համբարյանի խոսքով՝ ամերիկահայ համայնքը միանում է նախագահ Մենենդեսին և ԱՄՆ պետդեպարտամենտից պատասխան է պահանջում՝ թե ինչո՞ւ պետդեպարտամենտն Արցախում ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտման միտված քաղաքականության դեմ կոշտ հակազդեցություն չի դրսևորում։
««Զարմացած» և ակնհայտորեն հիասթափված սենատոր Մենենդեսն առաջարկել է իր պատասխանը: Նա (Ալիևը) չի ցանկանում բացել միջանցքը, քանի որ փորձում է սովամահությամբ կամ սովի սպառնալիքով հպատակեցնել այդ մարդկանց և ի վերջո ենթարկել իր կամքին։ Դա (այդ տեղեկատվությունը) պետք չէ դասակարգել»,- Մենենդեսի խոսքերն է մեջբերում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
Նշվում է, որ 907-րդ բանաձևի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ սենատոր Մենենդեսի պնդումներին են միացել նաև սենատորներ Բենջամին Քարդինը և Քրիս Վան Հոլենը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Մենենդեսը բազմիցս արտահայտել է իմ խորը հակազդեցությունն Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից հրաժարվելու վերաբերյալ, ինչը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին օգնություն ուղարկել Ալիևի ռեժիմին, ինչն ակնհայտորեն փոխում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական ուժերի հավասարակշռությունը հօգուտ Ալիևի:
«Կարծում եմ՝ Ադրբեջանի գործողությունները վերջին երեք տարիների ընթացքում, ցավոք, «արդարացրին» իմ դիտարկումները»,- նշել է Մենենդեսը։
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել էր «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբ Մենենդեսն ԱՄՆ Սենատի Արցախի ճգնաժամի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում։ Յուրի Քիմը նշել էր, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ։