Մոսկվան հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբերակները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TACC գործակալությունը։
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, մենք կշարունակենք դա անել։ Բոլորովին վերջերս [Ղարաբաղ] հասավ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր, ի դեպ, ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Այժմ կողմերի հետ քննարկվում և մշակվում են տարբերակներ»,- ասել է նա՝ արձագանքելով Ղարաբաղում հումանիտար իրավիճակի պատճառով Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության մասին Պետդեպարտամենտի հայտարարություններին մեկնաբանելու խնդրանքին։
Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության մասին՝ կապված Արցախում հումանիտար իրավիճակի հետ։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։