ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցի կոմիտեի փոխնախագահ Ֆրենկ Փալոնեն հայտարարել է, որ Սենատում Արցախի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ լսումները բացահայտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու ծրագրերը։
«Այս լսումներն օգնեցին լույս սփռել Ալիևի կողմից սանձազերծված էթնիկ զտման արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման միջոցով»,-X սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրել է նա։
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել էր «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբ Մենենդեսն ԱՄՆ Սենատի Արցախի ճգնաժամի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում։ Յուրի Քիմը նշել էր, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ։