Արցախից հերքում են «զինծառայողների տարհանման» մասին ադրբեջանական լուրերը, տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
«Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս»,-հայտնել են տեղեկատվական շտաբից։
Տեղեկացնում են, որ Արցախից ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ։ Նշվում է, որ տեղափոխված անձանց թվում են նաև Արցախի հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ և բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել էր Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։