Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատում «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումների ժամանակ հնչեցված հայտարարություններին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
««Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդ» տերմինաբանությունն անհարգալից վերաբերմունք է ադրբեջանցիների իրավունքների նկատմամբ»,- հայտարարել է նա՝ անդրադրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հնչեցրած հայտարարություններին։
Յուրի Քիմը, մասնավորապես, շեշտել էր, որ խաղաղություն հաստատելու կարևոր տարրերից է լինելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ում վերոնշյալ հղումը համարել են «հակասող՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այն, իբրև թե, «իրենց տարածքում անջատողականությունը խրախուսելու Հայաստանի կողմից նպատակաուղղված կիրառվող եզրույթ» է։
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել էր «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբ Մենենդեսն ԱՄՆ Սենատի Արցախի ճգնաժամի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում։ Յուրի Քիմը նշել էր, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։