Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են Բերձորի միջանքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկը, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամը, որն օրեցօր խորանում է: Ըստ հայտարարության՝ հատկապես հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
«Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը, այն է՝ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ)»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար:
«Տեղեկացնում ենք նաև, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,-հայտնում են տեղեկատվական շտաբից։
Սեպտեմբերի 12-ին ՌԴ կառավարության հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով։ Ադրբեջանը դրանից հետո հայտնել էր, որ համաձայն է ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը, սակայն Լաչինի միջանցքը մինչ այս պահը շարունակում է փակ մնալ: Արցախից Armenia Today-ին հայտնել էին, որ Լաչինի միջանցքը հումանիտար բեռների համար բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։