Մոսկվան ակնկալում է շարունակել անարգել և կանոնավոր հումանիտար մատակարարումները ԼՂ՝ ի շահ տեղի բնակչության, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրության աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականների բարձր մակարդակով առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է Կարմիր խաչի երկու բեռնատարների Ստեփանակերտ ժամանումը Լաչինի միջանցքով և Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհով միաժամանակ։ Տեղեկատվական շտաբից ավելացրել են, որ մի քանի օրից նախատեսվում է ապրանքների փոխադրում ռուսական Ռոստով քաղաքից նույն ուղղություններով ԿԽՄԿ մեքենաներով։
Սեպտեմբերի 12-ին Ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական բեռը Ասկերանով անցել է Արցախ։ Դրանից հետո՝ սեպտեմբերի 17-ին, Ադրբեջանը հայտարարել է Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը կազմակերպելու Բաքվի պատրաստակամության մասին։ Նույն օրը Արցախի իշխանություններն ընդունել են ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների առաջարկը՝ միաժամանակ օգտագործել Լաչինի միջանցքը և Աղդամով անցնող ճանապարհը՝ մարդասիրական պաշարների տեղափոխման համար։