Արցախի ՊՆ-ն հերքել է Ասկերանի շրջանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները:
«Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի ՊՆ-ն երեկ՝ սեպտեմբերի 18-ին, երկու անգամ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունները։
ՌԴ ՊՆ-ն սեպտեմբերի 18-ին հայտնել էր ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման և ԼՂ մեկ զինծառայողի վիրավորման մասին։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: