Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին։
«Սեպտեմբերի 19-ին ժամը 11։10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով ականանետ»,-հայտնել են ԱՀ ՊՆ-ից։
Հայտնում են, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
ԱՀ ՊՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտնել էր, որ ստահոդ է Ադրբեջանի ՊՆ-ի այն հաղորդագրությունը, թե, իբրև, ՊԲ համապատասխան ստորաբաժանումները ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ ԱՀ ՊՆ-ն նաև հերքել էր Ասկերանի շրջանում ադրբեջանական դիրքերին կրակելու Բաքվի տեղեկությունները։ Արցախի ՊՆ-ն պատասխանել էր դիվերսիոն ներթափանցում կատարելու Ադրբեջանի մեղադրանքներին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն։
Արցախի ՊՆ-ն երեկ՝ սեպտեմբերի 18-ին, երկու անգամ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունները։ Սեպտեմբերի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման և ԼՂ մեկ զինծառայողի վիրավորման մասին։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: