Արցախի ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունցի։
«Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»,- հայտնել են Արցախի ՊՆ-ից։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում։
«Մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը: Ռուսաստանի Դաշնությունը, որը ռազմական ներկայություն ունի Արցախում, պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի՝ պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար»,- գրել է Աբրահամյանը։
Արցախի ՊՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտնել էր, որ ստահոդ է Ադրբեջանի ՊՆ-ի այն հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Արցախի ՊՆ-ն նաև հերքել էր Ասկերանի շրջանում ադրբեջանական դիրքերին կրակելու Բաքվի տեղեկությունները։ Արցախի ՊՆ-ն պատասխանել էր դիվերսիոն ներթափանցում կատարելու Ադրբեջանի մեղադրանքներին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն։
Արցախի ՊՆ-ն երեկ՝ սեպտեմբերի 18-ին, երկու անգամ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունները։ Սեպտեմբերի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման և ԼՂ մեկ զինծառայողի վիրավորման մասին։