ԼՂ բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ, կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրադրությունը ԼՂ-ում թեև շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ հումանիտար ճգնաժամը շարունակվել, սակայն դրական տեղաշարժի միտում կա։
«Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ։ Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան։ Դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև ինչ-որ առումով կիսում ենք»,- ասաց վարչապետը։
Միևնույն ժամանակ՝ վարչապետը նշեց, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական է, այսինքն՝ այս պահի տեղեկությունը կես ժամից կարող է փոխվել։ Նա արձանագրեց, որ այս պահի տեղեկությամբ՝ հնարավոր է նոր հումանիտար օգնության տեղափոխում Արցախ։
«Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ։ Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն այս պահին պետք է մեկնարկի։ Կմեկնարկի, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ՝ դա հստակ է»,- հայտնեց Փաշինյանը։
Նա ասաց, որ դեռևս սեպտեմբերի 19-ին՝ ԼՂ-ում գործողությունների մեկնարկի օրը, հանձնարարական է տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի քննարկի կառավարության գործընկերների հետ դեպի ՀՀ մարդկանց հնարավոր հոսքի դեպքում ինչպես աջակցել մեր հայրենակիցներին։
«Ավելի քան 40 000 տեղ նախապատրաստվել է, խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև զուգահեռ առողջապահական, սննդի և այլն։ Մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել, բայց էլի ուզում եմ ասել և, ըստ էության, սա համաձայնեցված որոշում է ԼՂ գործընկերների հետ, որ ԼՂ մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան Ա-ն չէ։ Մենք մեր գործողություններում ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր հայրենակիցները՝ ԼՂ բնակիչները, իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան»,- տեղեկացրեց նա։
Փաշինյանը նաև հայտնեց, որ տեղեկատվական դաշտում ՀՀ դեմ աշխարհում հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, ինչը նկատի առնելով՝ պետք է զգույշ գործել նաև այդ դաշտում։
«Այս առումով մենք պետք է առավել ուշադիր լինենք և հանրության հետ մեր հաղորդակությունն առավել ակտիվ պետք է պահենք։ Շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը»,- շեշտեց վարչապետը՝ հավելելով, որ պետք է առաջնորդվել ամեն ինչ մի քանի անգամ ճշտելու և նոր միայն հրապարակելու սկզբունքով։
Ըստ նրա՝ կարևոր է, որ բոլոր հրապարակված տվյալները լինեն ճշգրիտ, լրատվականների հետ համագործակցությունը պետք է ակտիվացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։