Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը, գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նշել են նախարարությունից` հավելելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով:
Ավելի վաղ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ «Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Լեռնային Ղարաբաղի բժշկական կարողությունները բավարար չեն մարդկանց կյանքեր փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- հայտնել էր ՄԻՊ-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։