Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած արցախցիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան քաղաքում, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հայտնի է, որ այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
Հիշեցնենք, որ այսօր ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել էր դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
Սեպտեմբերի 25-ին ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։