Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել ՀՀ։
«Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։
«Հավատացե՛ք, որ նաև ձեր գործողություններից է կախված վիրավորների ճակատագիրը։ Խնդրում ենք ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին` ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և հանդուրժողականություն»,- նշում է շտաբը։
Սեպտեմբերի 25-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ Արցախի ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։