Ադրբեջանի հիվանդանոցներում ամեն ինչ պատրաստ է Ստեփանակերտից մեծ թվով հիվանդներ ընդունելու համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ հիվանդանոցներ է ուղարկվել լրացուցիչ բժշկական անձնակազմ։ Հաջիևը նշել է, որ Հայաստանի բժշկական թիմին հնարավորություն է տրվել ուղղաթիռով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում բուժօգնություն ցուցաբերելու համար։
Հիքմեթ Հաջիևը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը ներկայումս աշխատում է ԿԽՄԿ-ին Գորիս-Կապան-Որոտան-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով բժշկական տարհանման և օգնություն տրամադրելու համար:
Սեպտեմբերի 25-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ Արցախի ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։