Այս պահին արդեն 23 բուժառու գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, նրանք հետազոտության ու բուժօգնության փուլում են, Այրվածքաբանության կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ շտապօգնության մեքենաներն անընդհատ բերում են նոր հիվանդների, իսկ նրանց թիվը 200-ից ավելի է:
«Այստեղ բազմապրոֆիլ մասնագիտացված թիմի կողմից իրականացվում է տրիաժ և հետագայում արդեն անհրաժեշտության պարագայում կտեղափոխվեն նաև այլ բժշկական կենտրոններ, բայց հիմնականը լինելու Այրվածքաբանության կենտրոնը՝ ելնելով վնասվածքների էությունից»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ Արցախից ուղղաթիռով փոխադրումներն անընդհատ տեղի են ունենում, պետք է հասցնեն մինչև երեկո բոլոր կարողությունները օգտագործել և հնարավորինս արագ տեղափոխումներն իրականացնել։
Նրա խոսքով՝ նպատակը բոլոր պացիենտներին տեղափոխելն է, նաև նրանց, ովքեր այլ վիրավորում ունեին:
«Ստեփանակերտի մեր բժիշկներն ամբողջ գիշեր կապի մեջ են եղել Հայաստանի գործընկերների հետ, որպեսզի կայունացնեն վիճակը և պատրաստեն տեղափոխման։ Եվ հիմա նրանք կստանան ամբողջական բուժօգնությունն այստեղ»,- ասաց նախարարը։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում են գտնվում նաև նեղ մասնագետներ Իսպանիայից, սպասում են նաև Մեծ Բրիտանիայից բժիշկների ժամանմանը, որոնք կօգնեն հայ բժիշկներին։