Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ), հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։
Նշվում է, որ վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ն այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապօգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։
Ավելի վաղ Արտակ Բեգլարյանը հայտնել էր 64 զոհի մասին։ Սեպտեմբերի 26-ի ժամը 22։00-ի տվյալներով հայտնի էին դարձել ՀՀ տարբեր բուժհաստատություններ տեղափոխված 99 անձի տվյալներ։
Սեպտեմբերի 25-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։