Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հաստատել է Լաչինի միջանցքի անցակետում ադրբեջանցիների կողմից գործարարին ձերբակալելու մասին տեղեկությունը։ Նրա հաղորդագրությունը հրապարակվել է Վարդանյանի Telegram ալիքում։
«Նա ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ լքել Արցախը»,- ասել է նա։
Զոնաբենդը հիշեցրել է, որ Վարդանյանը վերջին տասը ամիսներին եղել է Ղարաբաղում՝ հանրապետության բնակիչների հետ միասին։ «Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրում եմ ձեր աջակցությունը»,- ասվում է Զոնաբենդի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ՀՀ մեկնելիս Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնում նշանակվել է 2022 թ. նոյեմբերի 4-ին։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես ստանձնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Արայիկ Հարությունյանը ևս տեղեկացրել էր իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին:
Դրանից մեկ ամիս անց Ադրբեջանը «բնապահպանական պատճառաբանություններով ամբողջությամբ շրջափակվեց Ացախը։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին Արցախի նախագահի և պետնախարարի միջև առկա տարաձայնությունների մասին։ Իսկ Իլհամ Ալիևը հայտնեց, որ Բաքուն Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի այն բանից հետո, երբ Վարդանյանը կհեռանա այնտեղից։