ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ կժամանի այս շաբաթավերջին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Առաքելությունը տեղի կունենա հանգստյան օրերին», – ասել է նա: Նրա խոսքով, առաքելություն ուղարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի կառավարության և ՄԱԿ-ի միջև։ Առաքելությունը կգլխավորի ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) բարձրաստիճան պաշտոնյան, ինչպես նաև Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: Առաքելության կազմում կներառվեն OCHA-ի տեխնիկական թիմը և ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ:
«Մենք այնտեղ մուտք չունենք մոտ 30 տարի։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասնել այնտեղ»,- ասել է Դյուժարիկը` նշելով, որ առաքելությունը Ղարաբաղ կժամանի Ադրբեջանից օդային ճանապարհով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում գտնվելու ժամանակ առաքելությունը կգնահատի իրավիճակը տեղում և կորոշի ինչպես մնացածների, այնպես էլ տարածաշրջանից հեռացողների հումանիտար կարիքները։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է «մի քանի օրվա ընթացքում» ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին թույլ տալ մտնել Լեռնային Ղարաբաղ: Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտնել էր, որ Բաքուն համաձայնել է միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։