Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է, բոլոր նյութերն ուղարկվել են Բաքվի ռազմական դատարան քննարկման, հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը, տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։
Ըստ նրա՝ հետաքննությունը պարզել է, որ Խաչատուրյանի մասնակցությամբ հայ ազգայնական զինուժը Ղարաբաղի մարզի Մեշալի գյուղում սպանել է 27 մարդու, 21-ը ստացել տարբեր մարմնական վնասվածքներ, 2 գյուղի բնակիչներ տարվել են պատանդ, 81 ընտանիքից 340 հոգի մշտական բնակության վայրերից վերաբնակեցվել են Ադրբեջանի Հանրապետության այլ շրջաններում։ Գյուղի բնակիչներին ընդհանուր առմամբ պատճառվել է 13 568 060 մանաթի վնաս, իսկ պետությանը՝ 130,8 հազար մանաթի։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։