Արցախից բռնի տեղահանված ուսանողները ՀՀ բուհերում սովորելու հնարավորություն կունենան, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Այս առնչությամբ նախարարությունը բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին շրջաբերական գրություն է ուղարկվել։
«2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում: Ուսանողները պետք է կցագրվեն՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, կրեդիտների տարբերությունից (առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից)՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով իրավիճակային կամ անհատական մոտեցում»,-ասված է շրջաբերականում։
Նշվում է, որ քննարկվում են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել։