ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հոկտեմբերի 4-ի՝ ժամը 12։00-ի դրությամբ չի փոփոխվել, կառավարության «Հումանիտար կենտրոնից» հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100․625։ Նա նշեց, որ երեկվա համեմատ փոխվել է հաշվառված անձանց թիվը․ կազմում է 95․711 (ավելի քան 95 տոկոս):
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ այս պահին ՀՀ տարբեր բուժհաստատություններում ԼՂ-ից 345 բուժառու կա, որոնցից 102-ի վիճակը շարունակում է ծանր, իսկ 37-ինը՝ ծայրահեղ ծանր մնալ։ Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում 9 երեխա կա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: