Հոկտեմբերի 4-ի՝ Ժամը 16։00-ի դրությամբ, ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 7 անձ է ժամանել Հայաստան։
«ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 անձ է ժամանել Հայաստան»,-կառավարության «Հումանիտար կենտրոնից» հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա հայտնել է, որ ժամը 16։00-ի դրությամբ հաշվառվել է 96․940 անձ (գրեթե 97 տոկոսը):
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ այս պահին ՀՀ տարբեր բուժհաստատություններում ԼՂ-ից 324 բուժառու կա, որոնցից 114-ի վիճակը շարունակում է ծանր, իսկ 15-ինը՝ ծայրահեղ ծանր մնալ։ Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում 8 երեխա կա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: