Արցախի նախկին պետնախարար, ԱՀ պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ավելի քան 15 հայ մնացել է Ադրբեջանի իշխանության տիրապետության տակ։
«Իմ աղբյուրներով՝ Ադրբեջանի իշխանության տակ են մնացել ավելի քան 15 հայեր։ Ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, ներառյալ՝ անհայտ կորածները»,-Telegram-ի իր ալիքում գրել է Բեգլարյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: