Եվրախորհրդարանի 491 պատգամավորներ կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, հայտնում է Ria.ru-ն։
Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել են իրավաբանորեն ոչ պարտադիր բանաձև՝ ԵՄ-ին կոչ անելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև վերանայել համագործակցության զարգացումը և նվազեցնել կախվածությունը ադրբեջանական գազի ներկրումից:
Բանաձևին աջակցել է 491 պատգամավոր, 9-ը դեմ է քվեարկել, 36-ը՝ ձեռնպահ: Նշվում է, որ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերն իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս ինստիտուտները պետք է ականջալուր լինեն եվրապատգամավորների կարծիքին:
«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անդամների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար»,-ասված է փաստաթղթում։
Պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու իրական պատրաստակամություն չի ցուցաբերել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: