Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Շահրամանյանը երեկոյան ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են Արցախի կառավարության եւ օրենսդիր մարմնի բազմաթիվ ներկայացուցիչներ, գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ նա ներկաներին հորդորել է ոչնչով չխոչընդոտել արցախցիների պայքարի իրավունքն իրացնելուն, հակառակը` այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։
«Շահրամանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են ԱՀ կառավարության եւ, առհասարակ, քաղաքական վերնախավի առաջ։ Դրանք առաջին հերթին Բաքվում գտնվող հայ գերիների, այդ թվում՝ ԱՀ բարձրաստիճան ղեկավարության վերադարձի ուղղությամբ իրականացվելիք քայլերն են։ Հանձնարարել է ցանկացած հարթակ, միջոց օգտագործել՝ ի նպաստ այդ գործին»,- հայտնել է լրատվականը:
Երկրորդն Արցախից Հայաստան բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին լուծում տալու եւ նրանց աշխատանքով ապահովելու հարցերն են։ Մեզ պատմեցին, որ ԱՀ նախագահը նաեւ քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, թե ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ում եւ ինչ քայլերի հետեւանքով Արցախն ընկավ, գրել է թերթը: