Հոկտեմբերի 6-ին Ճապոնիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանության ներքո մնացած հայերին 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով օգնություն տրամադրելու որոշում է կայացրել, տեղեկանում ենք Ճապոնիայի կառավարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Ճապոնիայի կառավարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) միջոցով 2 միլիոն ԱՄՆ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի: Խոսքը ոչ պարենային ապրանքների, դեղերի և այլ ապարնքների մասին է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: