ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ, Armenia Today-ին այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը` մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունը:
Նշենք, որ ըստ TACC-ի՝ այսօր Երևան կժամանի ՌԴ ՊՆ պատվիրակությունը՝ հայկական կողմի հետ քննարկելու ԼՂ-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման կոնկրետ ժամկետներ։
«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- գրել է լրատվականը:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հռչակագրի հիման վրա։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու տեւողությունը որոշվել է պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով: